Բելառուսում իշխանության դեմ «պատերազմել» կարելի է միայն ընտրություններում, ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկեշենկոն։

«Երբեք ոչնչից մի՛ վախեցեք, ասեք իմ մասին ինչ ուզում եք, բայց հիշե՛ք, որ իշխանության դեմ «պատերազմել» կարելի է միայն ընտրություններում։ Կլինեն խորհրդարանական ընտրություններ, գնացե՛ք եւ քվեարկե՛ք նրանց օգտին, ով ձեզ պետք է։ Կլինեն նախագահական ընտրություններ, քվեարկե՛ք, ինչպես ուզում եք։ Ես անկեղծ եմ ասում եւ կապահովեմ դա ձեզ համար։ Ոչ ոքի չի կարելի ստիպել այնտեղ, որտեղ նա ազատ խոսքի եւ կամարտահայտման իրավունք ունի»,– մեջբերում է Լուկաշենկոյի խոսքը «Բելտա»–ն։

Նա նշել է նաեւ, որ եթե մի խումբ մարդիկ փորձեն փողոց դուրս գալ եւ անկարգություն սարքել, ապա արձագանքը կլինի ակնթարթային։ «Որովհետեւ կլինի այնպես, ինչպես Հայաստանում, Ղազախստանում։ Մեզ դա պետք չէ։ Դա վարակիչ հիվանդություն է։ Եթե այն մտնում է հասարակություն, ապա վայրկենապես քաղցկեղի նման սկսում է տարածվել։ Եվ այդ ժամանակ շատ ջանքեր եւ, աստված չանի, կյանքեր պետք կլինեն»,– ասել է Լուկաշենկոն։