Թուրքիայի իշխանություններն իրենց արտերկրի հայրենակիցներին կոչ են անում տեղեկություններ հաղորդել իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների մասին, որը բնակվում է ԱՄՆ-ում: Այս մասին հաղորդում է շվեդական SR ռադիոն:

«Մենք բոլորին կոչ ենք անում հաղորդել այն անձանց, կազմակերպությունների եւ ուսումնական հաստատությունների մասին, որոնք սատարում կամ ֆինանսավորում են Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպությունը՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում»,- ասված է հաղորդագրությունում:

Կոչը հրապարակվել է, մասնավորապես, Facebook-ի էջում, որից Շվեդիայում թուրքական իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության բազմաթիվ կողմնակիցներ են օգտվում:

Երբ ռադիոյի թղթակիցը զանգահարել է նշված հեռախոսահամարով, միացել է Թուրքիայի նախագահի աշխատակազմին, որտեղ հաստատել են, որ իրենց տեղեկություններ են հետաքրքրում նաեւ Շվեդիայում Գյուլենի կողմնակիցների մասին:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, մեկնաբանելով կոչը՝ Ստոքհոլմում թուրքական դեսպան Քայա Թյուրքմենը նշել է, որ անձամբ ինքը ոչինչ չգիտի դրա գոյության մասին եւ բնական է համարում, որ թուրքական պետությանը հետաքրքրում է նման տեղեկությունը:

«Չեմ կարծում, որ Շվեդիայում կան օրենքներ, որոնք Թուրքիային արգելում են տեղեկություններ հավաքել մի կազմակերպության միջոցառումների մասին, որը փորձում է հեղաշրջում իրականացնել Թուրքիայում»,- SR-ին ասել է դեսպանը: