Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի նահանգապետարանը մերժել է «Անկարայի աշխատավորների եւ ժողովրդավարական ուժերի» կողմից սեպտեմբերի 12-ին, 1980 թվականի սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջման տարեդարձի կապակցությամբ ցույց իրականացնելու դիմումը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Radikal» թերթը։
Անկարայի նահանգապետարանը մերժումը բացատրում է նրանով, որ «Անկարայի աշխատավորների եւ ժողովրդավարական ուժերի» կողմից ցույցի համար նախատեսված ցուցապաստառները վիրավորում են պետության մեծերին։ Իրենց հերթին հասարակական կազմակերպությունները այս որոշումը չեղյալ հայտարարելու համար դիմելու են վարչական դատարան։
«Անկարայի աշխատավորների եւ ժողովրդավարական ուժերը» 1980 թվականի սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջման տարեդարձի օրը Անկարայում ցանկանում են հզոր հանրահավաք իրականացնել։ Հանրահավաքի կոմիտեն հանրահավաքի ծանուցման պաստառների վրա տեղադրել է Քենան Էվրենի (մինչ հեղաշրջումը գլխավոր շտաբի պետ եւ հետո Թուրքիայի նախագահ), Վելի Քյուչուքի, Մեհմեդ Աղարի, Յաշար Բույուքանըթի (նախկինում գլխավոր շտաբի պետ), Ֆեթուլահ Գյուլենի (Իսլամական միության ղեկավար, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կրոնական հենքի ղեկավար), Դեւլեթ Բահչելիի («Ազգայնական շարժում» կուսակցության՝ Գորշ գայլերի, քաղաքական թեւի ղեկավար), Թուրգութ Օզալի (հանգուցյալ նախագահ) եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկարները՝ վիրավորական գրառումներով։ Պաստառների վրա այդ անձինք որակվել են ֆաշիստ, հետադիմական, շովինիստ։ Պաստառում նաեւ կոչ է արվում դատապարտել հեղաշրջման մասնակիցներին։
NEWS.am-ը հիշեցնում է, որ 1980 թվականի սեպտեմբերի 12-ին Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը Թուրքիայում այդ ժամանակ տիրող ահաբեկչությունները, քաոսային իրավիճակը շտկելու նպատակով իրականացնում է ռազմական հեղաշրջում։ Մինչ այդ գլխավոր շտաբի պետ հանդիսացող եւ ներկայումս 91 ամյա Քենան Էվրենը հեղաշրջումից հետո ընտրվում է նախագահ։ Նրա օրոք հատուկ օրենք է ընդունվում, որ այդ հեղաշրջման մասնակիցները չպետք է դատապարտվեն։ Թուրքիայի սահմանադրությամբ պետական հեղաշրջումը խիստ ծանր հանցանք է համարվում։




























