Արցախում ժամկետային զինծառայող Ալբերտ Դալլաքյանի վիրավորվլու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:
NEWS.am-ին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ քրգործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի հատկանիշներով, այն է` զենքի, ռազմամթերքի, ինչպես նաև ռադիոակտիվ նյութերի, պայթուցիկ կամ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ սարքերի, առարկաների կամ նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը: Քրգործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել լեյտենանտ Ա. Նահապետյանին:
Նշենք, որ ըստ Դալլաքյանի հարազատների` հունիսի 24-ին լեյտենանտն՝անզգուշություն է ցուցաբերել, զենքը մաքրելիս մատը կպել է, կրակել եւ վիրավորել է Ալբերտին: Ի դեպ, ի սկզբանե հայտարարվում էր, թե զինծառայողը վիրավորվել է հակառակորդի կրակոցից:
Ալբերտի վիճակը 20 օր շարունակ ծայրահեղ ծանր էր: Այժմ արդեն կայուն է, զինծառայողը տեղափոխվել է հիվանդասենյակ:
Դալլաքյանը բռնցքամարտիկ է, ՌԴ-ից մեկ տարի առաջ եկել էր՝ հատուկ Արցախում ծառայելու համար:





























