Հունիսին շարունակվել է դեռեւս անցյալ տարի հանրապետությունում սկզբնավորված ընթացիկ գներով մեծածախ ապրանքաշրջանառության ծավալի անկման միտումը: Տարեկան հաշվարկով բացարձակ անկումն ըստ ամիսների ներկայացված է աղյուսակում: Ընդհանուր առմամբ հունվար-հունիսին ընթացիկ գներով մեծածախ ապրանքաշրջանառության ծավալը կրճատվել է 7,6 տոկոսով: Եթե այս ցուցանիշը դիտարկենք ըստ առեւտրի օբյեկտների, ապա հետեւյալ պատկերը կստացվի:

Խանութները «նպաստել» են ընդհանուր ցուցանիշի դանդաղմանը 0,5 տոկոսով: Տոկոսային մասով դանդաղեցրել են նաեւ սպառողական եւ գյուղատնտեսական ապրանքների շուկաների, նաեւ կրպակների ընդհանուր ցուցանիշը: Հակառեկորդ է սահմանվել «առեւտրի այլ օբյեկտների» մասով, որոնք հիմնականում զբաղված են շարժիչային վառելիքի առեւտրով (այսինքն՝ բենզինի, դիզվառելիքի եւ սեղմված գազի): Այս օբյեկտների մասնակցությունը մեծածախ ապրանքաշրջանառության ծավալի դինամիկայում կազմել է 6,4 տոկոս՝ մինուս նշանով:

Հնարավոր է, նշանակություն է ունեցել վառելանյութի այս տեսակների գնանկումը: Հայաստանում հունվար-հունիսին Regular տեսակի բենզինի մեծածախ միջին գները տարեկան հաշվարկով նվազել են 11,8 տոկոսով, դիզվառելիքինը՝ 16,7 տոկոսով: Սեղմված գազը եւս էժանացել է, սակայն միայն սիմվոլիկ՝ 0,5 տոկոսով (ըստ մայրաքաղաքի տվյալների):

Ուշադրություն դարձնենք, որ տեղական շատ վարորդներ բենզինի համեմատությամբ նախապատվությունը տվել են հենց սեղմված գազին: Վերջինը որոշ չափով փոքրացնում է շարժիչի հզորությունը (մասնագետների կարծիքով՝ 10-15 տոկոսով), սակայն բենզինից խնայողական է: Գաղտնիք չէ, որ հասարակական ավտոտրանսպորտում սեղմված գազի մասսայական կիրառումը վաղուց ի վեր ավանդական է դարձել:

Առաջին եռամսյակում բնական գազի մատակարարումները ավտոգազալցակայաններ (երկրորդ եռամսյակի տվյալները դեռեւս չեն հրապարակվել) կրճատվել են համարյա 2,3 տոկոսով: Հունվար-հունիսին բենզինի ներմուծումը բնական ցուցանիշով աճել է 12,1 տոկոսով, իսկ դիզվառելիքինը կրճատվել է 1,6 տոկոսով: Գնային արտահայտությամբ բենզինի ներմուծումը, մեծածախ գներով հաշվարկված, կրճատվել է 1,1 տոկոսով, իսկ դիզվառելիքինը՝ 18,0 տոկոսով: Միասին անկումը կազմել է 9,5 տոկոս:

Դրա հետ մեկտեղ, ընթացիկ գներով «առեւտրի այլ օբյեկտների» շրջանառությունը հունվար-հունիսին կրճատվել է 34,2 տոկոսով: Նշենք, որ այս օբյեկտներում վաճառքի ֆիզիկական ծավալը նույնպես շոշափելիորեն կրճատվել է՝ 31,3 տոկոսով: Ստացվում է, որ  սկսել են համարյա մեկ երրորդ չափով ավելի քիչ շարժիչային վառելիք գնել, քան մեկ տարի առաջ, չնայած եւ այն էժանացել է: