Երեւանի Խորենացի փողոցում եւ Սարի թաղում հուլիսի 29-ին եւ 30-ին տեղի ունեցած խաղաղ հավաքների ընթացքում քաղաքացիների նկատմամբ Ոստիկանության ծառայողների կողմից գործադրած բռնության, նրանց կողմից հատուկ միջոցների կիրառման, դրանց հետեւանքով հավաքների մասնակիցներին, ինչպես նաեւ Սարի Թաղի բնակիչներին պատճառված վնասների վերաբերյալ հաղորդումներն ու նյութերը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ քրեական հետապնդման հարուցման հարցը լուծելու նպատակով:
ՄԻՊ-ի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ուղարկված նյութերը վերաբերում են թե՛ ոստիկանության ծառայողների, թե՛ քաղաքացիական հագուստով, քաղաքացիների պնդմամբ, ոստիկանների գործողություններին:
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ի երեկոյան Սարի թաղում ոստիկանությունը ուժային գործողություն է իրականացրել: ՊՊԾ գնդի առջեւ գտնվող տարածքը (Սարի թաղ) ազատելու մասին նախազգուշացումից հետո ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել, հարձակվել մարդկանց վրա, մտել բնակիչները տները: Պաշտոնական տվյալներով, 73 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Այդ ընթացքում նաեւ բազմաթիվ լրագրողներ են տուժել:
Միեւնույն ժամանակ, քաղաքացիներ են բերման ենթարկվել Խորենացի փողոցից: Ընդհանուր առմամբ, ըստ ոստիկանության, բերման է ենթարկվել 165 քաղաքացի:





























