Ադրբեջանի տարածքում այսօր՝ օգոստոսի 1-ին, ժամը 08:46-ին գրանցված երկրաշարժն Արցախի տարածքում զգացվել է ուժգին ցնցումներով` 3-4 բալ ուժգնությամբ, նախնական տվյալներով, ցնցումները ոչ մի վնաս չեն պատճառել:
Այդ մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է ԼՂՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ավագ դիսպետչեր Էրիկ Առուստամյանը:
Նշենք, որ Ադրբեջանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Արցախում և Հայաստանում: Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Բաքվից 143 կմ արևմուտք, Սաբիրաբադից՝ 22 կմ հյուսիս-արևմուտք:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է ԼՂՀ տարածքում, մասնավորապես՝ Ստեփանակերտ քաղաքում՝ 3-4 բալ եւ ՀՀ տարածքում, մասնավորապես՝ Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաեւ Երեւանում՝ 2-3 բալ ուժգնությամբ:





























