Հայաստանի մայրաքաղաք Երեւանի համար ամառային բողոքներն արդեն ավանդույթ են դարձել, Frankfurter Allgemeine-ում գրում է Ֆրիդրիխ Շմեդտը: Օրինակ՝ երեք տարի առաջ այնտեղ բողոքում էին հասարակական տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ, 2014-ին՝ ընդդեմ կենսաթոշակային հիմնադրամների, իսկ մեկ տարի առաջ՝ դժգոհություն բռնկվեց էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման պատճառով:
Նախորդ բոլոր բողոքներն ունեցել են սոցիալական բնույթ եւ կոնկրետ նպատակ, սակայն չեն ուղեկցվել նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ գործող քաղաքական համակարգի դեմ դժգոհությամբ: Նույնիսկ, երբ անցած տարվա դեկտեմբերին երկրի ղեկավարությունն իր իշխանությունն ամրապնդելու համար ցանկացավ հանրաքվեով փոփոխել Սահմանադրությունը, բողոքի դուրս եկավ միայն մի քանի հարյուր մարդ, նշում է հեղինակը: «Մինչդեռ այս տարի այն, ինչ վերջին երկու շաբաթների ընթացքում կատարվեց Երեւանում, ամենասկզբից իսկ քաղաքական նշաններ ուներ»,- նշված է հոդվածում:
Հուլիսի 17-ի առավոտյան զինված մոտ 30 մարդ գրավեցին Երեւանի շրջաններից մեկում գտնվող ոստիկանական բաժանմունքներից մեկը՝ այդ ընթացքում սպանելով մեկ եւ վիրավորելով մի քանի ոստիկանի: Եվս ութ ոստիկան պատանդառվեցին: Խումբն իրեն անվանում է «Սասնա ծռեր» եւ հանդիսանում է «Հիմնադիր խորհրդարան» կոչվող ընդդիմադիր կուսակցության արմատական թեւը: Իշխանությունները հինգ շաբաթ առաջ ձերբակալել էին կուսակցության առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին՝ ապօրինի զենք պահելու եւ կառավարական հաստատությունները գրավելու պլան մշակելու համար:
Ոստիկանական բաժանմունքը գրավելուց անմիջապես հետո «Սասնա ծռերի» անդամները պահանջեցին ազատել ձերբակալվածներին եւ մյուս քաղբանտարկյալներին, ինչպես նաեւ լուծարել կառավարությունը: Ի սկզբանե այն ուղեկցվել է համերաշխության ակցիաներով՝ սկզբում նրանց աջակցում էին տասնյակ, ապա՝ հարյուրավեր եւ վերջապես՝ հազարավոր մարդիկ, նշված է հոդվածում:
Այս անգամ, ինչպես նշում է հեղինակը, առանցքային դերակատարում է ունեցել դժգոհությունը Հայաստանի քաղաքական համակարգից: Մասնավորապես՝ Հայաստանի շատ քաղաքացիներ համոզված են, որ երկրի ղեկավարությունն իրենից ներկայացնում է «ռազմա-քաղաքական ինչ-որ կոնգլոմերատ՝ մի շարք օլիգարխների մասնակցությամբ, որոնք երկրիը բաժանել է միմյանց միջեւ՝ ոչ մեկի առաջ ոչ մի պատասխանատվություն չկրելով»: Այսպես, «Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ հակամարտության» վերջին լարվածությունից հետո, չնայած կոռուպցիայի մեղադրանքներին, պաշտոնից ազատվեց ոչ թե Հայաստանի պաշտպանության նախարարը, այլ նրա մի քանի ենթականեր: Նախարարի կինը, որն այցելում էր վիրավոր զինվորներին, աչքի էր ընկնում ոչ այնքան սրտացավությամբ, որքան էքստրավագանտ հանդերձանքով: Իսկ երկրի վարչապետի մասին ասում են, որ ապրում է Հայաստանի խորհրդարանի շենքն ընդօրինակող տան մեջ, գրում է Շմիդտը:




























