Համաշխարհային լրատվամիջոցները արձագանքել են Երեւանում ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի՝ իշխանություններին հանձնվելու որոշման մասին նորությանը:
Ըստ համաշխարհային մամուլի՝ ՊՊԾ գնդի գրավումը, նաեւ դրան հաջորդաած իրադարձությունները ցնցում դարձան փոքրիկ Հայաստանի համար
Բրիտանական BBC–ը գրում է, որ իրավապահները դեռ ուրբաթ էին վերջնագիր ներկայացրել խմբին, երբ «մահակներով ու ձայնային եւ ծխանռնակներով զինված ոստիկանների ու ցուցարարների միջեւ բախումներ եղան»:
Գերմանական Deutsche Welle –ը նշում է, որ ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդել են ընդդիմադիր բողոքի ցույցեր մայրաքաղաքում: Ավելի քան 70 մարդ է վիրավորում ստացել այն բանից հետո, երբ «ոստիկանությունը կիրառել է մահակներ, ձայնային նռնակներ ու ծխոտող պայթագլաններ»:
Ըստ Irish Times պարբերականի՝ զինված խումբը, որը ընդդիմադիր է նախագահին ու կառավարությանը, հանձնվել է «հանգստյան օրերի բռնությունից հետո»: «Պարոն Սեֆիլյանը ընդդիմության գլխավոր առաջնորդը չէ, բայց վերջին իրադարձությունները առաջ բերեցին հասարակական լայն դժգոհություն կոռուպցիայի, Հայաստանի քաղաքական վերնախավի հարստությունների ու անպատասխանատվության կապակցությամբ»,- գրում է պարբերականը:
Associated Press գործակալությունը հիշեցնում է, որ դիմակայության հետեւանքով սպանվել են երկու ոստիկաններ, երկու կողմից էլ վիրավորներ կան։ Գործակալությունը նշում է, որ «բռնության ամենասարսափելի դեպքերից մեկը կատարվել է ուրբաթ, երբ վիրավորվել է 75 մարդ»:
Զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավումը եւ մարդկանց պատանդառումը անկարգություններ է առաջացրել Հայաստանում, գրում է AFP–ը: Ըստ գործակալության, պատանդների ճգնաժամը եւ բռնությունները «ցնցել են այս փոքրիկ հետխորհրդային երկիրը, որն ընդամենը մի քանի ամիս առաջ էր 110 զոհ տվել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հետ հակամարտության բռնկման հետեւանքով»:





























