ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հանձնարարությամբ՝ Սարի Թաղի դեպքերի մասին հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու համար:

Այս ռանչությամբ ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երեւանի Խորենացի փողոցում եւ Սարի Թաղում տեղի ունեցած հավաքի դադարեցմանն ուղղված միջոցառումների  ընթացքում ոստիկանական ուժերի գործողությունների ոչ իրավաչափության, ինքնությունը չպարզված քաղաքացիական անձանց կողմից ցուցարարաների նկատմամբ ուժի կիրառման, ցույցին չմասնակցող, խաղաղ բնակիչներին ոստիկանների կողմից ցույցը ցրելու գործընթացում  ներքաշելու  վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակված նյութերը ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ  ուղարկվել են Հատուկ քննչական ծառայութուն՝  նյութեր նախապատրաստելու եւ դեպքերի մասնակից կողմերի գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու հանձնարարությամբ:

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ի երեկոյան Սարի թաղում ոստիկանությունը ուժային գործողություն է իրականացրել: ՊՊԾ գնդի առջեւ գտնվող տարածքը (Սարի թաղ) ազատելու մասին նախազգուշացումից հետո ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել, հարձակվել մարդկանց վրա: Պաշտոնական տվյալներով, 73 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Այդ ընթացքում նաեւ բազմաթիվ լրագրողներ են տուժել:

Միեւնույն ժամանակ, քաղաքացիներ են բերման ենթարկվել Խորենացի փողոցից: Ընդհանուր առմամբ, ըստ ոստիկանության, բերման է ենթարկվել 165 քաղաքացի, որից 26-ը ձերբակալվել է: