ՊՊԾ շուրջ իրադարձությունների մասին Հայաստանի իշխանությունների լռությունը տոտալ քաղաքական ճգնաժամի դրսեւորում է: Այս մասին օգոստոսի 1-ին լրագրողներին ասել է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը: Նրա խոսքով, այն ինչ կատարվեց երեկ (երբ զինված խմբի անդամները հանձնվեցին իշխանություններին- խմբ.) հնարավոր բոլոր հանգուցալուծումներից լավագույնն էր: Այդուհանդերձ պետք չէ մտածել, որ ճգնաժամն արդեն հաղթահարված է:Հակառակը, երկիրը խրվել է քաղաքական ճգնաժամի մեջ: «Մենք գործ ունենք տոտալ քաղաքական ճգնաժամի հետ: Վերջին շաբաթը ցույց տվեց, որ ոչ մի պետական կառույց չի կարողանում համարժեք արձագանքել որեւէ իրադարձության»,- շեշտեց Մեհրաբյանը:

Նրա խոսքով, լռում է ոչ միայն Կառավարությունը, այլեւ խորհրդարանը: Պատգամավորները վայելում են իրենց ամառային արձակուրդը, ու պարզվում է՝ նրանք ասելիք չունեն երկրի մայրաքաղաքում կատարվող զինված բախումների մասին: «Ուրեմն մեր խորհրդարանը մեռյալ խորհրդարան է, այլ կերպ չես կարող անվանել»,- հավելել է քաղաքագետը: