Երբ ոստիկանությունը եւ ընդհանրապես ուժային կառույցները որոշում են որեւէ ցույց ցրել եւ որեւէ օպերացիա են իրականացնում, դրա բաղկացուցիչ մասն է կազմում լրագրողներին եւ լրատվամիջոցների աշխատակիցներին չեզոքացելու խնդիր դնելը: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ անդրադառնալով հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած իրադարձությունների մասին:
Նրա խոսքով՝ Ոստիկանությունը «միջնադարյան մտածելակերպ» ունի, քանի որ չեն հասկանում, որ 21-րդ դարում հնարավոր չէ այնպես անել, որ այդ իրադարձությունը ընհանրապես չլուսաբանվի: «Այն վայրագությունները, որոնք իրականացվում են որեւէ հիմք ու նաեւ նպատակ չունեն: Ամեն նման դեպքից հետո մատնանշում ենք կոնկրետ մեղավորներին: Եթե հիշեք, նախորդ տարվա հունիսի դեպքերը, կտեսնենք կոնկրետ մարդկանց, որոնք հրամաններ էին տալիս եւ նրանք, որոնք ջանասիրաբար կատարում էին այդ հրամանները, կամերաները վերցնում խփում էին ասֆալտին, որ ջարդեն, նրանց բոլորին գիտենք: 2015-ի հունիսի 23-ի դեպքերով 21 լրագրող ու օպերատոր տուժող է ճանաչվել եւ մեկ տարի անց որեւէ կասկածյալ կամ մեղադրյալ չկա: Երբ սա նորմ է դառնում, ցանկացած այլ ցույցի ժամանակ լրագրողներն ու օպերատորները նույն բախտին են արժանանալու: Այս անգամ էլ ձեռագիրը նույնն էր»,-ասել է նա:
Աշոտ Մելիքյանի խոսքով, ինչքան էլ Վլադիմիր Գասպարյանն ասի, որ ոստիկանությունը փոխվել է, բարեփոխումներ են եղել, դա, ընդամենը, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում: «Իրականում դա ցինիկ խաբեություն է: Մենք տեսնում ենք, որ ոստիկանության գործողությունները չեն փոխվում»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ի երեկոյան Սարի թաղում ոստիկանությունը ուժային գործողություն է իրականացրել: ՊՊԾ գնդի առջեւ գտնվող տարածքը (Սարի թաղ) ազատելու մասին նախազգուշացումից հետո ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել, հարձակվել մարդկանց վրա: Պաշտոնական տվյալներով, 73 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Այդ ընթացքում նաեւ բազմաթիվ լրագրողներ են տուժել:
Միեւնույն ժամանակ, քաղաքացիներ են բերման ենթարկվել Խորենացի փողոցից: Ընդհանուր առմամբ, ըստ ոստիկանության, բերման է ենթարկվել 165 քաղաքացի, որից 26-ը ձերբակալվել է:




























