«Սասնա ծռեր» խմբի կողմից հուլիսի 17-ին ոստիկանության Էրեբունու պարեկա-պահակային գնդի գրավման դեպքով ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, NEWS.am-ին հայտնեցին ՀՀ դատախազության հանրային կապերի վարչությունից:

Ըստ Դատախազության հանրային կապերի բաժնի՝ ՀՀ գլխավոր դատախազը Ազգային անվտանգության ծառայությունից պահանջել է ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն իրականացնելու համար ուղարկել ՀՔԾ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Սասնա ծռեր» խմբի կողմից հուլիսի 17-ին ոստիկանության Էրեբունու պարեկա-պահակային գնդի գրավման դեպքով ԱԱԾ քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել ՔՕ 219-րդ հոդվածի՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու եւ  235-րդ հոդվածի՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հատկանիշներով: