17-ամյա Սայաթ Հարությունյանի հեռացված աչքի տակ կապտուկ կա, ինչը հիմք է տալիս հարազատներին ենթադրելու, որ բացի պայթյունից ուղիղ հարված է եղել տղայի աչքին:

«Աչքի տակ կապտուկ կա, այնպիսի կապտուկ, որ լինում է հարվածից հետո: Սայաթը պատմում է, որ պայթյունից է աչքը վնասվել, երբ աստիճաններից իջել է, բայց բժիշկն էլ ասում է՝ բեկոր չի հայտնաբերվել»,- NEWS.am-ի թղթակցին ասաց Սայաթի հորեղբայրը՝ Կարո Հարությունյանը:

Հորեղբոր խոսքով՝ ոստիկանական գործողությունների հետեւանքով նաեւ Սայաթի ոտքն է վնասվել: 17-ամյա տղան բուժումը շարունակում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքում:

Հիշեցնենք, որ Սայաթ Հարությունյանը Վարդենիսից է: Նա Երեւան էր եկել՝ քույրերին տեսակցելու, իսկ դեպքի օրն էլ Սարի թաղ էր գնացել բարեկամներին տեսնելու։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Սարի թաղում տեղի ունեցած դեպքերից, պաշտոնական տվյալներով, տուժել է 73 քաղաքացի: Բերման է ենթարկվել 165 մարդ, որից 26-ը ձերբակալվել է: