Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հանձնարարությամբ, ՀՀ Քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի (զանգվածային անկարգություններ) 1-ին եւ 2-րդ մասերով հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՔԾ:
ՀՀ գլխավոր դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննության արդյունավետությունն ապահովելու համար ԱԱԾ, ՔԿ եւ ՀՔԾ ղեկավարներին հանձնարավել է ստեղծել համատեղ քննչական խումբ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ գլխավոր դատախազը օգոստոսի 1-ին առավոտյան ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից պահանջել է ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը: ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն՝ լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն իրականացնելու համար:
Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբի կողմից հուլիսի 17-ին ոստիկանության Էրեբունու պարեկա-պահակային գնդի գրավման դեպքով ԱԱԾ քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել ՔՕ 219-րդ հոդվածի՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու եւ 235-րդ հոդվածի՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հատկանիշներով:




























