«Սասնա ծռերի» անդամներ Արեգ եւ Սերգեյ Կյուրեղյանների հայրն այս պահին կասկածյալի կարգավիճակում է: NEWS.am-ի հետ զրույցում Արմենակ Կյուրեղյանի կինը՝ տիկին Նվարդը նշեց, որ տեղյակ չէ, թե այս պահին որտեղ է իր ամուսինը, նրա խոսքով՝ Արմենակը երեկվանից տուն չի գնացել, հեռախոսն էլ անհասանելի է:
«Զանգում եմ, չի պատասխանում, անհասանելի է, երեկ էլ չի վերադարձել տուն: Երեկվա հավաքի ժամանակ էլ փորձեցի գտնել նրան, բայց չտեսա, գիշերն էլ տուն չեկավ, զանգում եմ անհասանելի է»,-ասաց տիկին Նվարդը:
Նա նշեց, որ դեռ պարզ չէ, թե Արեգ եւ Սերգեյ Կյուրեղյանների փաստաբանն ով է, իսկ թե որդիներն այս պահին որտեղ են պահվում, նույնպես տեղյակ չէ:
Նշենք, որ Արմենակ եւ Նվարդ Կյուրեղյանների ավագ որդին՝ Հայկը, նույնպես անազատության մեջ է: Նա օդամղիչ ատրճանակով ոստիկանի վրա կրակելու համար դատապարտվել էր 9 տարվա ազատազրկման:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Սասնա ծռերը» հուլիսի 31-ին վայր են դրել զենքերն ու հանձնվել են։ Ըստ ԱԱԾ-ի, ՊՊԾ գնդի տարածքն այժմ ազատված է։




























