Հուլիսյան իրադարձություններից հետո Հայաստանում իրավիճակը փոխվել է, Հայաստանն այլեւս առաջվանը չի լինի: Այս մասին օգոստոսի 2-ի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը՝ անդրադառնալով Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավմանը ու դրան հաջորդած իրադարձություններին:
Նրա խոսքով, դեռ վաղ է խոսել այն մասին, թե Հայաստանը ավելի լավը, թե ավելի վատը կդառնա: «Դա կախված է իշխանությունների, նախագահի քայլերից»,- շեշտել է Պապյանը: Անդրադառնալով զինված խմբի կողմից Ոստիկանոիւթյան ՊՊԾ գնդի գրավմանը, Արա Պապյանը հետեւյալ եզրակացություններն արեց.«Գործադիր իշխանություն գրեթե չենք ունեցել, միայն ոստիկանական մեթոդներ են կիրառվել: Նույնը կարելի է ասել նաեւ օրենսդիր իշխանության՝ Ազգային ժողովի մասին, բացառությամբ մի քանի պատգամավորների»: Նրա կարծիքով դա վատ է գալիք ընտրությունների ֆոնին: «Իրավապահ համակարգում, անկախ զանազան դրամաշնորհներից, բարեփոխումներ չեն կատարվել, այս օրերին մարդու իրավունքների զանգվածային խախտում է եղել»- հավելել է Արա Պապյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին զինված խումբը գրավել էր Ոստիկանության ՊՊԾ գունդը, հուլիսի 31-ին խմբի անդամները վայր են դրել զենքը ու հանձնվել իշխանություններին:





























