ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ է իրականացրել «Սաս Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետի արտադրամասում եւ իրացման ցանցում եւ բորբոսասնկերով աղցաններ հայտնաբրել:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է.
«Ստուգումների շրջանակներում իրականցված լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ 21.07.2016թ. արտադրության «Կեսար» աղցանը՝ ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, E. coli, պրոտեուս դասի մանրէների, խմորասնկերի եւ բորբոսասնկերի, 21.07.2016թ. արտադրության «Մայրաքաղաքային» աղցանը՝ ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, E. coli, պրոտեուս դասի մանրէների, խմորասնկերի, բորբոսասնկերի, 21.07.2016թ. արտադրության «Սմբուկով» աղցանը՝ ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, բորբոսասնկերի, 22.07.2016թ. արտադրության «Բրնձով-կրաբով» աղցանը՝ ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, E. coli, խմորասնկերի, 22.07.2016թ. արտադրության «Հավով-ընկույզով» աղցանը՝ ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, E. coli, 22.07.2016թ. արտադրության «Ծովախեցգետնով» աղցանը՝ ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, E. coli, պրոտեուս դասի մանրէների, խմորասնկերի, 20.07.2016թ. արտադրության չանախ «Կալինինո» պանիրը՝ ոսկեգույն ստաֆիլակոկ եւ ԱՑԽՄ ցուցանիշների անթույլատրելի քանակի պարունակությամբ չեն համապատասխանել Մաքսային Միության ՏԿ 021/2011-ով, 033/2013-ով եւ 034/2013-ով սահմանված պահանջներին, ինչով պայմանավորված էլ այդ արտադրատեսակները ճանաչվել են վտանգավոր:
Ծառայության կողմից արգելվել է վտանգավոր ճանաչված խմբաքանակների վաճառքն իրացման ցանցում: Տնտեսավարողին հանձնարարվել է նշված սննդամթերքը ոչնչացնել կամ օգտահանել սահմանված կարգով եւ ժամկետներում:
Ծառայության պետ Արմեն Հայրապետյանի օգոստոսի 2-ի որոշմամբ՝ կասեցվել է «Սաս Գրուպ» ՍՊԸ-ի կողմից արտադրվող «Կեսար», «Մայրաքաղաքային», «Սմբուկով», «Բրնձով-կրաբով», «Հավով-ընկույզով» եւ «Ծովախեցգետնով» աղցանների արտադրությունը՝ մինչեւ հայտնաբերված խախտումների վերացումը: Տնտեսավարողին հանձնարարվել է կազմակերպել սանիտարական օր, ախտահանել արտադրական, պահեստային սարքավորումները եւ տարածքները, վերը նշված սննդամթերքի արտադրությունը համապատասխանեցնել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին, թողարկել փորձնական արտադրանք եւ ներկայացնել լաբորատոր փորձաքննության՝ անհամապատասխանության ցուցանիշներով: Խախտումների վերացման ժամկետ է սահմանվել մինչեւ 2016 թվականի օգոստոսի 15-ը:
Հետագծելիության սկզբունքով պետական վերահսկողություն կիրանացվի նաեւ խախտումներ ունեցող՝ չանախ «Կալինինո» պանրի արտադրամասում:
Ծառայությունը հայտնաբերել է նաեւ մակնշման խախտումներ, մասնավորապես՝ խմորեղենի, աղցանների, կիսապատրաստուկների եւ կշռածրարված սննդամթերքի մակնշումը թերի է եղել, ինչն արդեն իսկ շտկվել է ստուգումների շրջանակում:





























