Մահացած ծննդկան Մերի Մարգարյանի եւ դստեր գործով ամբաստանյալ Անի Բաբելյանի փաստաբան Գեղամ Հակոբյանի համար անհասկանալի է, թե ինչում է մեղադրվում իր պաշտպանյալը:

«Սկզբնական փուլում դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը չէր հրապարակվել, այդ պատճառով այդ ժամանակ հայտարարությամբ հանդես չեկա: Այժմ խնդրում եմ, որ մեղադրողը պարզաբանի, թե ինչու է իմ պաշտպանյալը մեղադրվում»,- այսօր` օգոստոսի երկուսին, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ասաց Գեղամ Հակոբյանը:

Այս հայտարարությունը բարկացրեց դատավոր Դավիթ Բալայանին. «Ձեր գնացքը գնացել է, դուք այս փուլում չեք կարող պարզաբանում պահանջել»:

Գեղամ Հակոբյանը կրկնեց հայտարարությունը` նշելով, որ եթե կարող է, թող պարզաբանի:

«Շոու մի սարքեք, ես թույլ չեմ տալիս, դուք ասում եք` եթե կարող է, թույլ տա»,- ասաց դատավորը` թույլ չտալով Հակոբյանին շարունակել հայտարարությունը:

Նշենք, որ դատարանն այսօր հետազոտում է գործում առկա նյութերը: Դատարանը հրապարակեց «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բուժական գծով տեղակալ Դավիթ Մխիթարյանը ներկայացրած փաստաթուղթը, որում գրված է, որ անցած տարվա հուլիսի 25-ին Բաբելյանը եղել է հերթապահող բժիշկ, ժամը 20:20-21:20-ին եղել է վիրահատության բաժնի վարիչ Աշոտ Սիրունյանի հետ:

Դատական նիստը շարունակվում է:

Հիշեցնենք, որ ծննդկան Մերի Մարգարյանը մահացել է հուլիսի 29-ին: Ըստ հարազատների` հուլիսի 23-ից նա բարձր ջերմություն է ունեցել, սակայն հղիությունը վարող բժշկուհի Շուշանիկ Բախշյանը հրաժարվել է հոսպիտալացնել եւ հեռախոսազանգով պարացետամոլ է նշանակել: Միայն հուլիսի քսանվեցին 26-ամյա կինը հոսպիտալացվել է, ապա մեկ օր անց տեղափոխվել《Էրեբունի》բժշկական կենտրոն, որտեղ կեսարյան հատում է իրականացվել: Երկու օր անց կինը մահացել է, հաջորդ օրը նաեւ նորածինն է մահացել:

Այս գործով կա երկու մեղադրյալ` «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհիներ Շուշանիկ Բախշյանն ու Անի Բաբելյանը: