Ոստիկանության պահակապարեկային պահպանության գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ բանակցությունների ժամանակ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը նույնիսկ հումորներ է արել տղաների ու իրավապահների հետ՝ եղած լարվածությունը թուլացնելու համար: Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը:
Նրա խոսքով, երբ ներսում տղաները հավաքված են եղել ու վիճակը մի քիչ լարված է եղել, Վիտալի Բալասանյանը Պավլիկին ասել է. «Պարոն ոստիկանապետը՝ Վլադիմիր Գասպարյանը, մի հանելուկ է ասել, նշելով, որ եթե Պավլիկն այդ հանելուկի պատասխանն ասի, խոստանում եմ, որ գրոհ չենք անելու, թող երկու ամիս նստեն, հաց ու ջուրը կտանք»: Պավլիկն ասել է՝ այդ ինչ հանելուկ պետք է լինի, որի պատասխանը չիմանամ: Վիտալի Բալասանյանն ասել է. «Պավլիկ, պարոն ոստիկանապետը հարցնում է՝ ինչո՞ւ, երբ ապարանցին «լեւի» է գնում, հետը «գայիշնիկ» է տանում»: Պավլիկը խառնվել է իրար՝ դա ի՞նչ հարց է, բան: Տղաներին են դիմել, ոչ ոք պատասխանը չի իմացել: Վիճակը միանգամից բավականին լիցքաթափվել է: Ուզում եմ ասել՝ այնտեղ նաեւ հումոր է եղել»:
Իսագուլյանը նշել է, որ հանելուկի հետ կապված պատմությունը այդքանով չի ավարտվել: Երբ Վիտալի Բալասանյանը դուրս է եկել ՊՊԾ գնդի տարածքից ու գնացել ոստիկանապետի մոտ, ըստ Իսագուլյանի, նույն հանելուկը Պավլիկ Մանուկյանի անունից Վլադիմիր Գասպարյանին է ներկայացրել՝ ասելով, որ պատասխանի դեպքում տղաները խոստացել են վայր դնել զենքերը: Ոստիկանապետը եւս պատասխանը չի գտել:





























