Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեա Խալուպովան Հայաստանում ԱՄՆ դեսպանության քաղաքական եւ տնտեսական բաժնի ղեկավար Մեթյու Յուսենի հետ միասին այսօր՝ օգոստոսի 2-ին, հանդիպել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության Ֆեյսբուքի էջից տեղեկանում ենք, որ զրուցակիցները քննարկել են վերջին օրերի զարգացումները` դատապարտելով ուժի կիրառումն ու բռնությունը, ընդգծելով, որ ցանկացած հակամարտություն անհրաժեշտ է լուծել միայն խաղաղ ճանապարհով: Տեսակետներ են փոխանակվել մարդու իրավունքների ոտնահարումների, հավաքների, արտահայտման ազատության եւ ատելության հրահրման վերաբերյալ:

Բարձրացվել է ոստիկանության կողմից չափից ավելի ուժի կիրառման եւ զանգվածային ձերբակալությունների, այդ թվում՝ ենթադրյալ բոլոր խախտումների վերաբերյալ արդյունավետ եւ թափանցիկ քննության անհրաժեշտության հարցը: Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է մշտադիտարկման ուղղությամբ իր եւ իր աշխատակազմի անդամների գործունեությունը, այցելությունները կալանքի տակ գտնվող անձանց եւ անհատական գործերին հետեւելը:

Նա տեղեկացրել է, որ իր գրասենյակը փաստաթղթեր է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին ենթադրյալ խախտումների, ինչպես նաեւ լրագրողների նկատմամբ կատարված բռնությունների դեպքերի վերաբերյալ քրեական գործեր հարուցելու հետ կապված: