Արցախում արտադրված ապրանքները մեծ պահանջարկ են վայելում ոչ միայն ներքին, այլեւ՝ արտասահմանյան շուկաներում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշել է Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: Քննարկումը տեղի է ունեցել ԼՂՀ-ում սննդամթերքի վերամշակմամբ զբաղվող մի շարք խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

ԼՂՀ կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ գործարարների հետ հանդիպմանը փոխվարչապետը գոհունակություն է հայտնել, որ հատկապես վերջին տարիներին արցախյան արտադրողները լուրջ ուշադրություն են դարձնում ապրանքների  մրցունակության վրա:  Նրա խոսքով՝ դրա վկայությունն այն է, որ Արցախում արտադրված ապրանքները մեծ պահանջարկ են վայելում ոչ միայն ներքին, այլեւ՝ արտասահմանյան շուկաներում:

Ա. Աղաբեկյանը շեշտադրել է, որ այն նաեւ կառավարության կողմից որդեգրած տնտեսական քաղաքականության արդյունք է, եւ այդ շրջանակներում  գործադիր մարմինը շարունակում է նոր միջոցներ ձեռնարկել տեղական արտադրանքի հետագա զարգացման համար:

Հանդիպման ընթացքում փոխվարչապետն անդրադարձել է նաեւ պաշտպանության բանակի հետ համագործակցության հարցերին: Այս կապակցությամբ նա կոնկրետ ուղղություններ է մատնանշել, որտեղ  տեղական արտադրության կողմից մատակարարման նոր հնարավորություններ են ստեղծվում: Նա հորդորել է ներկաներին ակտիվորեն համագործակցել ՊԲ-ի հետ՝ որպես սկզբունք ունենալով որակի ապահովումը եւ ելնելով թե՛ բանակի ու թե՛ սեփական շահերից: