Հայաստանում նախ եւ առաջ «հայկական մայդան» ստեղծող քաղաքացիների պակաս կա: Այդ մասին օգոստոսի 3-ի մամուլի ասուլիսին հայտնել է արեւմտամետ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Անդրադառնալով այն հարցին, թե վերջին 15 օրերին ցույցերի ընթացքում «Ժառանգության» առաջնորդը գրեթե չի երեւացել հարթակին եւ հնարավոր է արդյոք ակնկալել, որ նա այսուհետ կգլխավորի բողոքի շարժումը, Հովհաննիսյանը հիշեցրել է. «Ժառանգություն» կուսակցությունը ներկա է եղել ցույցերին ի դեմս Դավիթ Սանասարյանի, Հովսեփ Խուրշուդյանի, Արմեն Մարտիրոսյանի: Ինչպես միշտ, կուսակցությունը ժողովրդի կողքին է եղել: Մենք ոչ գովազդի, ոչ շոուի, ոչ էլ ուրիշների հետ մրցակցության կարիք ունեինք»:
Այժմ, շարունակել է նա, խնդիրը հետեւյալն է. այնպես անել, որ կուսակցությունները, հասարակության ոչ իշխանական մասը համախմբվի: «Եթե մենք ստեղծագործական, ոչ թե կուսակցական մոտեցումներ ունենանք, մենք կվերցնենք Գյումրին եւ Վանաձորը (նկատի ունի Հայաստանի երկրորդ եւ երրորդ քաղաքների ներկայացուցչական մարմինների ընտրությունները, որոնք տեղի են ունենալու հոկտեմբերի 2-ին, խմբ.)», - ամփոփել է Րաֆֆի Հովհաննիսյանը:





























