Ազատության հրապարակում շարունակվում է հանրահավաքը՝ ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ցուցարարներից մեկը բարձրացել է բեմ, հայտարարել, թե ոստիկանության գործողությունների պատճառով իր փոքրիկ որդին ահաբեկված է ապրում իր երկրում։ Նա նաեւ հրապարակով անցնող երկու ոստիկանների կոչ արեց մոտենալ, բռնել իր երեխայի ձեռքը։ Ոստիկանները հեռացան՝ առանց արձագանքելու, ինչը հարուցեց ցուցարարների դժգոհությունը։

Րոպեներ անց հանրահավաքը վարող Հարություն Աղլամազյանը հայտարարեց, թե մի ոստիկան ցանկանում է բռնել երեխայի ձեռքը, եւ ելույթ ունենալ։ Մինչ նա խոսում էր, ոստիկանության մի լեյտենանտ մոտեցավ, գրկեց տղային, ապա բարձրախոսից ելույթ ունեցավ։ «Ուզում եմ տեսնեք, որ ոստիկանությունը պաշտպանում է մարդկանց, ժողովրդին։ Ուզում եմ՝ ինքներդ համոզվեք, որ ոստիկանությունը ծեծող-ջարդող կառույց չէ»,- նշեց նա՝ արժանանալով հավաքվածների ծափահարություններին։

«Շնորհակալություն, բայց մենք սպասում ենք, որ ոստիկանությունը գործով ցույց տա դա»,- արձագանքեց Հարություն Աղլամազյանը։

Նա նաեւ նշեց, թե իրենք երթ են անելու Աբովյան փողոցով, Հանրապետության հրապարակով, Ամիրյան փողոցով, Մաշտոցի պողոտայով շարժվելու են դեպի նախագահական նստավայր։