«Սասնա ծռերի» անդամ Արմեն Լամբարյանի հարազատները դիմել են փաստաբան Ինեսսա Պետրոսյանին, որպեսզի նա ներգրավվի որպես Արմեն Լամբարյանի փաստաբան, սակայն, ՀՔԾ-ն հրաժարվել է ներգրավել:

«Արմեն Լամբարյանի հարազատներն ինձ են դիմել, այդ դիմումն ուղարկել եմ ԱԱԾ քննչական վարչություն, այնուհետեւ ՀՔԾ, սակայն, ՀՔԾ խմբի ղեկավարը հրաժարվում է  ինձ ներգրավել որպես փաստաբան եւ չեմ կարողանում անգամ տեղեկանալ՝ Արմեն Լամբարյանն ինչ դատավարական կարգավիճակ ունի եւ նրա առողջական վիճակն ինչպես է»,-ասաց փաստաբանը:

Ինեսսա Պետրոսյանը նշեց, որ տարբեր տեղերից ահազանգեր կան, որ Արմեն Լամբարյանը խոշտանգվել է եւ հենց այդ պատճառով էլ թույլ չեն տալիս փաստաբանին եւ նրա հարազատներին տեսակցել նրան:

«Դա մտահոգիչ է եւ ես հիմքեր ունեմ կարծելու, որ Արմեն Լամբարյանի հետ ինչ-որ խնդիրներ կան:  Ահազանգեր կան, որ նրան խոշտանգել են, թե ում կողմից չեմ կարող ասել եւ կարծում եմ, որ դա է պատճառը, որ թույլ չեն տալիս նրան տեսակցել, ոչ հարազատներին ոչ էլ ինձ»,-ասաց փաստաբանը:

Նշենք, որ Արմեն Լամբարյանին մեղադրանք չի առաջադրվել, նրա հետ քննչական գործողություններ չեն կատարվել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հուլիսի 29-ին ՊՊԾ գնդում վիրավորվել էին Արայիկ Խանդոյանը (Միայնակ Գայլ), Արմեն Լամբարյանն ու Արթուր Մելքոնյանը։ Լամբարյանին եւ Մելքոնյանին տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրո: NEWS.am-ին հիվանդանոցից հայտնել էին, որ Արմեն Լամբարյանը գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակում դրական տեղաշարժ կա: