Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ օգոստոսի 4-ին, դատական կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանին դատապարտեց 8 տարվա ազատազրկման: NEWS.am-ի հետ զրույցում Խաչատուր Խաչատրյանի պաշտպան Կարեն Թումանյանը նշեց, որ համաձայն չէ դատավճռի հետ՝ այն որակելով անարդար դատական ակտ: Նա նշեց, որ այն բողոքարկելու է:
Հիշեցնենք, ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2009թ. փետրվարի 27-ից զբաղեցնելով ՀՀ ԼՄ ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը Սեյրան Կարապետյանի օգտին իր լիազորությունների շրջանակներում որոշակի գործողություններ կատարելու, ինչպես նաև իր պաշտոնեական դիրքն օգտագործելով` 2014թ. դեկտեմբերի 25-ին` ժամը 18.30-ի սահմաններում, իր աշխատասենյակում Սեյրան Կարապետյանից անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 9.186.000 ՀՀ դրամին համարժեք 20.000 դոլար կաշառք:





























