Մեկամյա աշխատանքներից հետո «Հայաստան» համահայկական հիմնադրամն ավարտել է Նոյեմբերյանի քաղաքային հիվանդանոցի նորոգումը: Ծրագիրն իրականացվել է Հիմնադրամի Գերմանիայի, Շվեյցարիայի, Ավստրալիայի եւ Լիբանանի տեղական մարմինների միասնական ջանքերով:
Հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ իր մասնակցությունն է բերել նաեւ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին: Շուրջ 317 միլիոն դրամ արժողությամբ այս ձեռնարկը նմանօրինակ երկրորդ ծրագիրն է Տավուշի մարզում, որն իրականացվում է երկու եւ ավելի կողմերի համաֆինանսավորմամբ:
Հիվանդանոցի հիմնանորոգմանն են ուղղվել համաեվրոպական հեռախոսամարաթոն 2009-ին մասնակից երկրներից Գերմանիայի ու Շվեյցարիայի տեղական մարմինների հանգանակությունները, Լիբանանի տեղական մարմնի կողմից ռադիոմարաթոն 2008-ին հավաքագրված ողջ գումարը եւ Ավստրալիայի տեղական մարմնի կազմակերպած ճաշկերույթից ստացված հասույթի մի մասը, տեղեկացնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից:
Ծրագրի շրջանակներում կառուցվել է հիվանդանոցի նոր տանիքը, նորացվել են հատակները, դռները, պատուհանները, կոմունիկացիոն բոլոր համակարգերը:
Հիվանդանոցը, որն ունի 113 հոգուց բաղկացած աշխատակազմ, տարեկան սպասարկում է ավելի քան 1400 հիվանդի եւ ընդունում շուրջ 400 ծնունդ:
Հիվանդանոցում իրականացված աշխատանքներին ծանոթանալու նպատակով Նոյեմբերյան էին ժամանել ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Պատվիրակության կազմում էին նաեւ Հիմնադրամի տեղական մարմինների ներկայացուցիչներ եւ բարերարներ արտերկրից:
Սա քաղաքի եւ շրջակա գյուղերի միակ առողջապահական հաստատությունն է, որը սպասարկում է ավելի քան 30 հազար բնակչի: Այն ունի նաեւ պոլիկլինիկա:
Գերմանիայի «Հայ բժիշկների ու բուժաշխատողների միությունն» էլ պարտավորվել է հիվանդանոցին նվիրաբերել բուժսարքավորումներ:
Նոյեմբերյանի հիվանդանոցը հիմնվել է 1928-1930 թթ: Ներկայիս եռահարկ շենքը կառուցվել է 1961-ին եւ երբեւէ չէր հիմնանորոգվել:




























