Ամերիկյան նոր վարչակազմը, որը իշխանության կգա հոկտեմբերի  8-ի ընտրությունների արդյունքում, պետք է Ռուսաստանի նկատմամբ այնպիսի քաղաքականություն իրականացնի, որը կհամադրի զսպման եւ գործակցության տարրերը, կարծում է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը:   

Ռուսաստանի նկատմամբ, գրում է նա  Foreign Affairs ամսագրում հրապարակված հոդվածում, Միացյալ Նահանգները «պետք է այսուհետ այնպիսի քաղաքականություն իրականացնի, որը  զսպման հրատապ անհրաժեշտությունը համադրում է մարտավարական գործակցության եւ ռազմավարական կայունության ողջախոհ ձգտման հետ»: Միաժամանակ նա պնդում է, որ Ղրիմում եւ Ուկրաինայի արեւելքում Ռուսաստանի գործողությունները  «խախտում են հիմնարար սկզբունքը, որը Եվրոպայում հաստատվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո` ինքնիշխանություն եւ սահմանների անխախտելիություն»:

Բայդենը հիշեցրել է Օբամայի վարչակարգի որոշման մասին`  3,4 մլրդ-ով ավելացնել Եվրոպայում ՆԱՏՕ-ի ամրապնդմանը, ինչպես նաեւ Լեհաստանում եւ Բալթիայի երկրներում իր ուժերի տեղակայմանն ուղղված ծախսերը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Հաջորդ վարչակազմը, ենթադրում է նա, «պետք է կրկնապատկի իր ջանքերը ՆԱՏՕ-ի ամրապնդման եւ ԵՄ-ի հետ գործակցության ուղղությամբ»:

Միաժամանակ նա նշել է, որ «Արեւմուտքի հիմնարար ինստիտուտների ամրապնդման ընթացքում պարտադիր չէ վերադառնալ պարզեցված մտածողությանը, որը բնորոշ է սառը պատերազմի ժամանակաշրջանին»: «ԱՄՆ-ն պետք է բաց մնա Ռուսաստանի հետ համագործակցության համար այնտեղ, որտեղ մեր շահերը համընկնում են, ինչպես մենք ցուցադրել ենք դա Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրում, ինչպես նաեւ  ռազմավարական սպառազինության կրճատման վերաբերյալ նոր համաձայնագրում, - ասված է հոդվածում: Բացի այդ, դժվար է պատկերացնել, թե ինչ եղանակով Սիրիայում պատերազմը կարող է ավարտվել, առանց Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ որեւէ ժամանակավոր համաձայնագրի ձեռքբերման»: