Պուտինի գլխավոր նպատակը ԱՄՆ-ին հաղթելը եւ ԵՄ-ը մասնատելն է:  Նման կարծիք է հայտնել  ժողովրդական պատգամավոր, «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցության անդամ Վադիմ Դենիսենկոն Facebook-ի իր էջում, հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը:

«Պուտինի օպերատիվ առաջադրանքներն են` թույլ չտալ Ուկրաինայի համար առանց վիզայի ռեժիմ, Էրդողանի միջոցով ՆԱՏՕ-ի ոչ ֆորմալ սաբոտաժ իրականացնել եւ վերջապես թույլ չտալ, որ սկանդինավներն անդամակցեն ՆԱՏՕ-ին: Միջանկյալ նպատակը պատժամիջոցների վերացումն է: Միջին հեռահարության նպատակն է` վերադառնալ ԽՍՀՄ: Գլխավորը` հաղթել ԱՄՆ-ին եւ մասնատել ԵՄ-ն», — գրել է Դենիսենկոն:

Դենիսենկոն Ուկրաինայի դեմ Պուտինի հիբրիդային պատերազմի հաջորդ փուլ է անվանում ռուսական քարոզչությունը եվրոպական ԶԼՄ-ներում: 

«Կենցաղային մակարդակում սկսել եվրոպացիներին վախեցնել մահմեդական ահաբեկիչներով, որոնք Ուկրաինայից են գալիս (…) Հենց այդ պատճառով էլ ռուսաստանցիների հայտարարության մեջ խոսվում է դիվերսիոն խմբի մասին, որում, ի թիվս այլոց,   եղել են նաեւ ԻԼԻՊ-ի անդամներ (մնացել են ուկրաինական տարածքում)», — գրում է պատգամավորը:

Բացի այդ, Դենիսենկոն կարծում է, որ Եվրոպայում եւս մեկ տեղեկատվական գրոհ կլինի գազի թեման. «Եվրոպան կսառի ձմռանը, եւ ԵՄ-ին սպասում է 2008 թվականի կրկնությունը: Ուկրաինան գազի հուսալի տարանցող չէ (…): Գազպրոմի հայտարարության նպատակը երկակի է. մի կողմից վախեցնել եվրոպացիներին, մյուսից` անցկացնել հյուսիսային եւ թուրքական հոսքերը»:

Նա նաեւ կարծում է, որ Պուտինը կսկսի ԵՄ-ին վախեցնել էներգետիկ նոր միության ստեղծմամբ, որի մեջ կմտնեն ՌԴ-ն Ղազախստանը, Ուզբեկստանը, Թուրքիան  (որպես տարանցող), Ադրբեջանը եւ նույնիսկ Իրանը: «Զուգահեռաբար ռազմական գործողությունների սկսման սարսափ կտարածվի եւ, ակներեւաբար, Դոնբասում ռուսաստանցիները բավականին լուրջ հարձակողական գործողություն են նախապատրաստում», — գրել է պատգամավորը:

Դենիսենկոն առաջարկում է այսօր միակողմանի կարգով որոշակի ժամանակով փակել Ղրիմի հետ սահմանը: Երկրորդը` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ նախաձեռնել: 

«Այժմ անհրաժեշտ է առավելագույն քանակությամբ «քարոզչագնացքներ» ուղարկել ԵՄ, թող ցույց տան Դոնբասում ՌԴ-ի զինվորականների առկայության ապացույցներ   (…) : Ուկրաինայի առումով ԻԼԻՊ-ի մասին ստին   մենք պետք է պատասխանենք ռուսների առումով ԻԼԻՊ-ի մասին ճշմարտությամբ եւ դա ամրապնդենք փաստերով», — հավելել է Դենիսենկոն: