Այսօր` հոկտեմբերի 12-ին Կառավարությունում տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են ՀՀ նախագահի օգնական, հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը զեկուցել է ՀՀ նախագահի 2004-ի հունիսի 1-ի «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծելու մասին» հրամանագրում խորհրդի կանոնակարգի վերաբերյալ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին։ Մասնավորապես, նշվել է, որ նախատեսվում է փոփոխություններ կատարել հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի կազմում` նպատակ ունենալով բարձրացնել հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը։ Ներկայացված փոփոխությունները եւ լրացումները հաստատվել են խորհրդի կողմից։

Ի թիվս օրակարգում ընդգրկված հարցերի, խորհուրդը քննարկել եւ ի գիտություն է ընդունել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության 2009-2012թթ. միջոցառումների ծրագրի 2009թ. եւ 2010թ. առաջին եռամսյակի արդյունքների մոնիտորինգի մասին հաշվետվությունները։

Ի գիտություն է ընդունվել նաեւ Կոռուպցիայի դեմ պայքարող երկրների խմբում (GRECO) ՀՀ պատվիրակության ղեկավարի զեկույցը GRECO-ի կողմից գնահատման համապատասխանության արդյունքների վերաբերյալ։