Լեռնային Ղարաբաղում ոչ ոք հենց այնպես չի գնա 5 շրջանի հանձնման, պետք է անվտանգության շատ խիստ երաշխիքներ լինեն: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԱՊՀ-ի երկրների ինստիտուտի Կովկասի բաժանմունքի վարիչ, Հասարակաքաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը` հիշեցնելով, որ ԶԼՄ-ները Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին ինչ-որ «Լավրովի պլան» են վերագրում, որը ենթադրում է անվտանգության գոտու 5 շրջանների հանձնում:
Փորձագետի խոսքով, Ռուսաստանը, ըստ երեւույթին, պատրաստ է անվտանգության երաշխիքներ տալ: «Բայց պետք է հասկանալ, թե Ադրբեջանը որքանով է պատրաստ ստանձնել այդ պարտավորությունները: Մանավանդ որ լիովին պարզ է, որ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը դրան չեն գնա: Այստեղ ավելի շատ ենթադրություններ կան, քան իրականություն», - ընդգծել է Վլադիմիր Եվսեեւը` հավելելով, որ Ղարաբաղի գոտում անհրաժեշտ է վստահության որոշակի մակարդակ, որը, ցավոք սրտի, բացակայում է:





























