Ադրբեջանի Իսմայիլի եւ Աղսուի շրջանների բնակիչները բախվել են ծայրահեղ վտանգավոր խնդրի: ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ արդեն 10 օր է՝ Գիրդմանչայ գետի ջուրն անհայտ պատճառով կանաչել է: Բնակիչները գետի ջուրն օգտագործում են ոռոգման, հիգիենիկ եւ կենցաղային նպատակներով:

Գետ թունավոր նյութեր թափելու պատճառով կտրուկ փոխվել է գետի ջրի համն ու գույնը, բացի այդ, վերջին ժամանակներս ջրից տհաճ հոտ է գալիս:

Իսմայիլի շրջանի Գերայբեյլի գյուղի ավագանու անդամ Ռուստամ Բաբաեւը հայտնել է, որ բացառիկ մաքրությամբ աչքի ընկնող գետի աղտոտումը լուրջ մտահոգությունների պատճառ է դարձել: «10 օր առաջ գետով սկսեց  կանաչ գույնի կեղտոտ փրփուր հոսել: Շրջանում որեւէ ձեռնարկություն չկա, ուստի կասկածներ կան, որ գետն են լցնում հանգստյան կենտրոնների լվացքատների եւ կոյուղիների տոքսիկ ջրերը»,- ասել է նա:

Գյուղացիները ստիպված են ջուր գնել խանութներում, ինչը մեծ ծախսերի հետ է կապված: Նրանք հույս ունեն, որ խնդիրն արագ կլուծվի, եւ հայտնի կդառնան հանրապետության 2 խոշոր շրջաններում տեխնոգեն աղետի մեղավորները: