Անհայտ անձը փորձել է ներթափանցել Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատուն, որտեղ թաքնվում է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը:

Հաղորդագրության համաձայն՝ օգոստոսի 22-ի առավոտյան դիվանագիտական առաքելության տարածքում գրանցվել է «ապօրինի ներթափանցման փորձ»:

«Էկվադորի իշխանությունները պատրաստ են համագործակցել Մեծ Բրիտանիայի ամվտանգության ուժերի հետ՝ հետագայում այդպիսի միջադեպերը բացառելու համար, եւ հիշեցնում են Ավստրալիայի քաղաքացի Ջուլիան Ասանժի կյանքը եւ առողջությունը պաշտպանելու իրենց պարտավորվածության մասին»,- «Ռոսբալտ»-ի փոխանցմամբ՝ նշել են դիվանագիտական առաքելությունում:

WikiLeaks-ի հիմնադրին Մեծ Բրիտանիայում ձերբակալել են 2010-ի դեկտեմբերին՝ Շվեդիայի իրավապահ մարմինների հարցման համաձայն: Այդ երկրում 2010-ի ամռանը նրա նկատմամբ դատաքննություն է սկսվել՝ սեքսուալ ոտնձգության վերաբերյալ երկու կանանց հայտարարության հիման վրա:

Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն է գտնվում 2012 թվականի հունիսից: Էկվադորը պաշտոնապես նրան քաղաքական ապաստան է տվել, եւ այդ ժամանակից ի վեր Ասանժը չի լքել դիվանագիտական առաքելության տարածքը: