Միացյալ Նահանգները տարիներ շարունակ փորձել է արդար հանգուցալուծում կնքել Ղարաբաղում՝ աշխատելով Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հետ Մինսկի խմբի շրջանակներում։

Այդ մասին «Ամերիկայի ձայնին» ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարության պատժամիջոցների համակարգող Դենիել Ֆրիդը։

«Միացյալ Նահանգները տարիներ շարունակ փորձել է արդար հանգուցալուծում կնքել Ղարաբաղում՝ աշխատելով Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հետ Մինսկի խմբի շրջանակներում: Ես անձամբ, լինելով պետքարտուղարի օգնականի պաշտոնում, փորձել եմ դա անել: Այլ մարդիկ փորձել են հասնել դրան ինձնից առաջ եւ փորձում են ինձնից հետո: Չի ստացվում»,- նշել է նա:

Ըստ Ֆրիդի, այնտեղի  կառավարությունները պետք է որոշեն, թե արդյոք ցանկանում են շարունակ մնալ այս իրավիճակում եւ  դիմակայել մերթընդմերթ բախումների, թե նրանք իրական կարգավորում են նախընտրում: «Խնդիրն այն է, որ իշխանությունները չափազանց հարմարավետ են սկսում իրենց զգալ ղարաբաղյան խնդրի առկայության պայմաններում եւ մտածում են կարճաժամկետ, այլ ոչ՝  երկարաժամկետ կտրվածքով: Նրանք պետք է որոշեն, թե ինչ են ուզում։ Եթե նրանք խաղաղություն են ուզում, Միացյալ Նահանգները պատրաստ կլինի օգնել»,- ասել է Պետդեպի պաշտոնյան: