Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի  Արտենի-Գետափ հատվածում օգոստոսի 25-ին մահացու ելքով վթարի հետեւանքով տուժած`  ՌԴ ՍԶ N զորամասի զինծառայող, կապիտան, 48-ամյա Ալեքսանդր Սվիտկոյը նույնպես մահացել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից, որտեղ նա գտնվում էր:

Ռուս զինծառայողը ստացել էր ծանր գանգուղեղային վնասվածքներ: Նա մահացել է այսօր՝ օգոստոսի 26-ին, 2 ժամ առաջ:

Հիշեցնենք, որ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի  Արտենի-Գետափ հատվածում ՌԴ ՍԶ N զորամասի զինծառայող, կապիտան Ալեքսանդր Սվիտկոյի կողմից վարվող «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան դուրս  էր եկել ճանապարհի աջ կողնակ եւ կողաշրջվել ձորակի մեջ:

Վթարի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից ավտոմեքենայի ուղեւոր, ՌԴ ՍԶ N զորամասի պայմանագրային զինծառայող, 38-ամյա Արտակ Պետրոսյանը տեղում մահացել էր, իսկ Ա. Սվիտկոն անգիտակից վիճակում տեղափոխվել էր բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ տասներորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել  է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: