ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի գիտնականները գործվածք են ստեղծել, որը ոչ միայն արտացոլում է արեւի լույսն ու ջերմությունը, այլեւ իր միջով մարմնի ջերմությունն է արտազատում, հայտնում է Science ամսագիրը:
Պլաստիկից պատրաստված գործվածքը մարդուն թույլ է տալիս մարմնի ջերմությունը Ցելսիուսի 4 աստիճանով պակաս զգալ, քան սովորական բամբակյա հագուստ հագնելու դեպքում: Այսպես կոչված, ջերմության ցրման էֆեկտին հաջողվել է հասնել գործվածքի վրա աչքի համար անտեսանելի որոշակի տրամագծով նանոանցքեր ստեղծելու միջոցով:
Գիտնականների մեկնաբանությամբ՝ ստեղծված նյութը բաց է թողնում մարմնի արտադրած ջերմության մինչեւ 90 տոկոսը, սակայն այդ ընթացքում չի կլանում արեգակի ջերմությունը: Դրա շնորհիվ, ի տարբերություն բամբակյա հագուստի, պլաստիկե հագուստում մարդն իրեն ավելի հարմարավետ եւ հով կզգա:





























