ԱՄՆ-ում Թեքսասի նահանգից 12-ամյա տղան Կորնելլի համալսարանի ուսանող է դարձել, գրում է   The Guardian-ը: Ջերեմի Շուլերը Բաղեղի լիգայի մեջ մտնող բարձրագույն ուսումնական հաստատության ամբողջ պատմության ընթացքում ամենաերիտասարդ ուսանողն է դարձել, հայտնում է Lenta-ն:  

Շուլերը դպրոց չի գնացել, նա տնային կրթություն է ստացել, որով զբաղվել են նրա ծնողները, որոնք աերոտիեզերական համալիրում ինժեներներ են: Ջերեմին արդեն երկու տարեկանում կարողանում էր կարդալ անգլերեն եւ կորեերեն (մոր մայրենի լեզվով):   dni.ru-ն գրում է, որ հինգ տարեկանում տղան ինքնուրույն կարդում էր Ջոն Տոլկինի  «Օղակների տիրակալը» եւ ուսումնասիրում էր Ուիլյամ Դանեմի «Մաթեմատիկական մեծ թեորեմները»:

Երբ անչափահասին ընդունել են Իթակա քաղաքում գտնվող բուհ, Շուլերի հայրը եւ մայրը որոշում են կայացրել տեղափոխվել որդու ուսմանը մոտ վայր: Այժմ ընտանիքն ապրում է Նյու Յորքի նահանգում: 

Իր ուսումնառությունը սկսած երիտասարդ վունդերկինդի կարծիքով, համալսարանում պարապմունքները   «առայժմ բավականին թեթեւ են»:

Բաղեղի լիգայի ընկերակցության մեջ են մտնում Կոլումբիայի, Բրաունի, Հարվարդի, Դարտմունդի, Յեյլի, Կորնելլի, Փենսիլվանիայի եւ Փրինսթոնի համալսարանները: Դրանք մշտապես հայտնվում են ԱՄՆ-ի 15 լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանկում եւ գլխավորում են աշխարհի ամենահամբավավոր բուհերի վարկանիշային աղյուսակները: