Իսպանական Լյանսա քաղաքի Blau Grifeu սրճարանը նվազեցրել է սուրճի եւ աղանդերի գները՝ քաղաքավարի այցելուների եւ բարձրացրել՝ անդաստիարակների համար: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով The Independent-ը:
Սուրճից եւ աղանդերից բաղկացած առավոտյան պատվերն արժե 5 եվրո: Նրանք, ովքեր բարյացակամ վերաբերմունք են ցուցաբերում եւ ասում են՝ «խնդրեմ», կվճարեն 3 եվրո: Իսկ այն այցելուները, որոնք նաեւ բարմենին բարի լույս կմաղթեն, ընդամենը 1.3 եվրո կվճարեն:
Հաստատության տիրուհի Մարիսել Վալենսիա Մադրիդը պատմել է, որ սա իր անձնական պատերազմն է իսպանական անդաստիարակության դեմ, եւ առաջին արդյունքն արդեն կա. այցելուները նկատելիորեն ավելի քաղաքավարի են դարձել անձնակազմի հետ շփման հարցում: Կինը ծնունդով Կոլումբիայից է: Ասում է՝ ոչ մի կերպ չի կարողանում համակերպվել, որ նոր երկրում մարդիկ քիչ ուշադրություն են դարձնում իրենց պահվածքին:





























