Թուրքիան ԵՄ անդամության թեկնածու երկիր է դարձել 1999 թվականից։ 2002 թվականին «Արդարություն եւ զարգացում» կուսակցության իշխանության գալով՝ Թուրքիայի եվրոպական ստանդարտներին հարմարվողականությունը զգալիորեն ակտիվացել է, գրում է «Գոլոս Ռոսիին»։
Սակայն ԵՄ հերթական գագաթաժողովին Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու հարցը կրկին հետաձգվել է։
ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը դեմ հանդես եկող Գերմանիան եւ Ֆրանսիան վկայակոչում են այդ երկրում տնտեսության եւ դատական համակարգի հետ մնալը, մարդու իրավունքների եւ ազատությունների խախտումները, քրդական եւ կիպրական հարցերը, Թուրքիայի չկարգավորված հարաբերությունները Հունաստանի եւ Հայաստանի հետ եւ այլն։
Եվրոպայում չեն թաքցնում մտավախությունը, որ 72 միլիոնանոց մահմեդական երկիրը, ԵՄ մուտք գործելով, կարող է խախտել պատմական, էթնիկ-կրոնական հավասարակշռությունը եւ արագացնել Եվրոպայի իսլամիզացիան, ինչը կարող է բերել եվրոպական քրիստոնեական քաղաքակրթության անհետացման։
Փորձագետների կանխատեսումներով, 2050 թվականին Թուրքիան կարող է դառնալ Եվրոպայի երկրորդ տնտեսությունը` Գերմանիայից հետ։ Այդ երկրի բնակչության թիվը կարող է հասնել 130 մլն մարդու։





























