ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը չի շտապում կարծիք հայտնել՝ արդյոք սպասվող համաներումը կտարածվի նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամների վրա, թե ոչ:

«Համաներման կիրառման մասով որեւէ բան չեմ կարող ասել, քանի որ համաներման ակտ չունենք: Այն հոդվածները, որոնցով հարուցվել են քրեական գործեր, առաջադրվել են մեղադրանքներ, ունեն խրախուսական նորմեր, բայց քննությամբ պետք է ապացուցվի՝ արդյոք մենք ունեցել ենք կամովին պատանդների հանձնում, կամովին շենք-շինությունների հանձնում, թե ոչ»,- այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Դավթյանը:

Հարցին՝ ինքն ինչպես կորակի «Սասնա ծռեր» խմբի արարքը, արդյոք դա ահաբեկչություն է, ինչպես որ իշխանության ներկայացուցիչներն են պնդում, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Ես մասնագիտական դաշտում կասեմ: Իրականացվում է նախաքննություն, դեպքից մոտ երկու ամիս է անցել, օպերատիվ լայնածավալ քննություն է ընթանում, բայց նաեւ պարզաբանման ենթակա հարցերի շրջանակն է բավական մեծ: Այս պահին մենք քրեաիրավական գործով դեռեւս որպես ահաբեկչություն չունենք տված»:

Հիշեցնենք, որ մամուլի տեղեկություններով, իշխանություններն անում են հնարավորը՝ «Սասնա ծռեր»-ին ազատ արձակելու համար: Մամուլում ակտիվ շրջանառվում է նաեւ, որ սեպտեմբերի 21-ին ընդառաջ Հայաստանի իշխանությունները համաներում են կիրառելու: Ըստ տեղեկությունների, համաներումն առավել ընդգրկուն է լինելու: