Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում 3 ոստիկանների սպանության գործով լայնածավալ, օպերատիվ քննություն է իրականացվում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը:
«Կան որոշակի արդյունքներ, եւ երբ օրենքով սահմանված կարգով բավարար ապացույցներ ձեռք բերվեն, կոնկրետ անձանց մեղադրանք կառաջադրվի եւ այդ մասին կիրազեկվի»,- ասաց Արթուր Դավթյանը:
Լրագրողի ճշտող հարցին՝ «Սասնա ծռեր»-ի անդամների՞ն է մեղադրանք առաջադրվելու ոստիկանների մահվան դեպքով, գլխավոր դատախազի թեկնածուն պատասխանեց. «Բնականաբար»:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» անդամներն ու համախոհները պնդում են, որ ոստիկաններից մեկի սպանության հետ որեւէ առնչություն չունեն, իսկ մյուս երկուսը սպանվել են փոխհրաձգության ժամանակ:





























