Հուլիսի 20-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանականերում ավարտվել է 7 մեղադրյալի մասով նախաքննությունը եւ ուղարկվել դատարան։
Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ 2016թ. հուլիսի 20-ին Մ.Խորենացի եւ Քրիստափոր փողոցների խաչմերուկում տեղի ունեցած հավաքի ժամանակ որոշ մասնակիցներ ոստիկանության աշխատակիցներին ներկայացրել են անհիմն պահանջներ եւ հարձակվել իրենց ծառայողական պարտականություններն իրականացնող ոստիկանների վրա՝ վերջիններիս նկատմամբ կիրառելով բռնություններ։
Անկարգությունների մասնակիցները, ոտքերով, ձեռքերով հարվածելով ու տարատեսակ առարկաների կիրառմամբ, բռնություն են գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ, քարեր, շշեր եւ այլ առարկաներ են նետել նրանց վրա, վնասել եւ ոչնչացրել են ոստիկանության գույքը, պոկել եւ վնասել ճանապարհային երթեւեկությունը կարգավորող նշանները, կոտրել տարածքում գտնվող խանութի եւ բենզալցակայանի ապակիները, վնասել քաղաքապետարանին պատկանող գույքը: Տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով տասնյակ անձինք ստացել են մարմնական վնասվածքներ, որոնցից 46-ը ճանաչվել են տուժող։
Քննությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ անկարգության մասնակիցների ինքնությունը պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 7 անձի մեղադրանք է առաջադրվել՝ հուլիսի 20-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու համար։ Նրանց մասով քրեական գործերն անջատվել են առանձին վարույթ եւ դրանք՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։
Մյուս մեղադրյալների մասով նախաքննությունը շարունակվում է։





























