Սարի թաղում հուլիսի 29-ին ցուցարարների նկատմամբ ոստիկանական գործողությունների հետեւանքով աչքը կորցրած անչափահաս Սայաթ Հարությունյանին պրոթեզավորել են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին Սայաթի հարազատները:

«Աչքը պրոթեզավորել են, ամբողջն արվել է հիվանդանոցի միջոցներով: Այժմ արդեն տանն ենք, Սայաթն էլ դպրոց է գնում, վերադարձել է իր բնականոն կյանքին»,- ասացին ընտանիքի անդամները:

Սայաթ Հարությունյանը 12-րդ դասարանում է սովորում: Ծնողների խոսքով՝ դպրոցն ավարտելուց հետո տղան մտադիր է համալսարան ընդունվել եւ բարձրագույն կրթություն ստանալ:

Հիշեցնենք, որ Սայաթը Վարդենիսի Շատվան գյուղից է։ 2016թ. հուլիսի 29-ին Երեւան էր եկել՝ ծննդյան օրվան պատրաստվելու առիթով։ Նա բողոքի ակցիաներով, ցույցերով ու երթերով երբեք չի հետաքրքրվել։ Սարի թաղում հորեղբայրն է ապրում, որոշել էր հորեղբոր որդուն այցելել, սակայն ճանապարհների փակ լինելու պատճառով ցույցի մասնակիցների հետ է բարձրացել։ Հորեղբոր տան փողոցը շփոթել ու մնացել է երթի մեջ։ Ծխանռնակների պայթյունից վնասվել է նաեւ Սայաթի ոտքը: