Անգլիական i360 աշտարակը, որն աշխարհում ամենաբարակն է համարվում եւ շահագործման էր մտցվել 2016 թվականի օգոստոսին, փակվել է այցելուների առաջ: Մարդկանց այլեւս ներս չեն թողնում վերամբարձ դիտախցիկ այն բանից հետո, երբ այցելուները չորս օրվա ընթացքում  երկու անգամ փակվել են դրանում, հայտնում է   BBC-ն:

Բրայթոնում նոր աշտարակ այցելուների մուտքը դադարեցվել է կիրակի` սեպտեմբերի 11-ին: Ավելի վաղ նույն օրը  200 մարդ մեկ ժամ շարունակ ստիպված էր եղել խցիկի ներսում մնալ դռների անսարք սենսորների պատճառով:   

Հինգշաբթի` սեպտեմբերի 8-ին մոտ 180 մարդ, որոնք մասնակցում էին i360-ի գործարկման պատվին փակ միջոցառմանը, երկու ժամ են անցկացրել խցիկում, որովհետեւ այն անշարժացել էր փոքր բարձրության վրա: Երեկույթների մասնակիցների թվում հղի կին կար: 

Աշտարակը կառավարող ընկերության ներկայացուցիչները խոստացել են փոխհատուցել ատրակցիոնի համար արդեն վաճառված տոմսերի գինը կամ գնորդներին այցելության այլընտրանքային ժամանակ առաջարկել: Ներկայումս մասնագետները ստուգում են աշտարակի տեխնիկական վիճակը: 

i360 շինությունը 162 մ բարձրություն ունի, տրամագիծն առնվազն 4 մ է, այն աշխարհում ամենանուրբ աշտարակն է համարվում: Աշտարակը կառուցել են ճարտարապետական Marks Barfield Architects բյուրոյի ճարտարապետները, որոնք կառուցել են  «Լոնդոնյան աչք» հայտնի դիտանիվը: Մինչեւ 138 մ բարձրացող  i360 դիտողական հարթակի տոմսի գինը 5 ֆունտ սթեռլինգ է կազմում (մոտ 7 դոլար):