Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա մեղադրանք է առաջադրվել եւս մեկ անձի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՔԾ մամուլի ծառայությունից:
«Ա. Կ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ընթացքում խոչընդոտել է իրեն տեսանկարահանող լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը՝ ջարդելով վերջինիս աշխատանքային գործիք հանդիսացող «Սոնի» ապրանքանիշի տեսախցիկը: Ձեռնարկված քննչական ու դատավարական գործողությունների արդյունքում հիշյալ «Սոնի» ապրանքանիշի տեսախցիկը հայտնաբերվել է, պատճառված վնասները պարզելու համար նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն»,- ասված է ՀՔԾ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ նույն քրեական գործով առերեւույթ հանցագործություններ կատարելու, այդ թվում՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար մեղադրանք է առաջադրվել արդեն 7 անձանց, որոնցից 4-ի՝ Սեյրան Կարապետյանի, Վլադիմիր Մխիթարյանի, Դավիթ Սարգսյանի ու Կարեն Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործից անջատված մասի նախաքննությունը ավարտվել է եւ մեղադրական եզրակացության կազմմամբ հանձնվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:





























