Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի («Միայնակ գայլ») լիազորված անձանց թույլ են տվել հանդիպել նրա հետ: Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ թույլտվությունը տրվել է այսօր՝ սեպտեմբերի 13-ին:
«Օրվա երկրորդ կեսին է տրվել թույլտվությունը, այդ պատճառով այսօր հանդիպել չեն կարողացել, վաղը, հավանաբար, կհանդիպեն: Երեք օր է մնացել ընտրություններին, բայց գոնե կհանդպեն, կքննարկեն»,- ասաց Արայիկ Պապիկյանը:
Հիշեցնենք, որ Պապիկյանն ահազանգել էր, որ իր պաշտպանյալին թույլ չեն տալիս հանդիպել ընտրություններում իր լիազորված անձանց հետ:
Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 18-ին: Արայիկ Խանդոյանից բացի եւս երկու թեկնածու կա:





























