Սարի թաղում հուլիսի 29-ին «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Ալբերտ Գալստյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել դատարան: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Սեյրան Կարապետյանը, Վլադիմիր Մխիթարյանը, Դավիթ Սարգսյանն ու Կարեն Գրիգորյանը հուլիսի 29-ին ժամը 22:00- 23:00-ն սահմաններում կատարել է բռնություն գործադրելով զուգորդված խուլիգանություն, ինչպես նաև խոչընդոտել են «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Ա.Գալստյանի մասնագիտական օրինական գործունեությունը:
Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 164-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանք կալանավորված են:
Նշենք, որ հայտնի չէ՝ այդ անձիք ոստիկաններ են, թե ոչ:
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Սարի թաղում ոստիկանական գործողությունների հետեւանքով բռնության էին ենթարկվել «Ազատություն» ռադիոկայանի, «Ա1 պլյուս», «Արմենիա» հեռուստաընկերության, Armlur.am-ի, Civilnet.am, Lragir.am, Panorama.am-ի եւ 1in.am-ի ներկայացուցիչները: Քաղաքացիական հագուստով անձիք NEWS.am-ի թղթակցից խլել, ապա կոտրել էին տեսախցիկը:





























