Ամերիկյան Չիկագոյից 89-ամյա պաղպաղակ վաճառողը համացանցի աստղ է դարձել, ինչպես նաեւ մտահոգ հայրենակիցների շնորհիվ հարստացել:
Ըստ Informing-ի՝ Ֆիդենսիո Սանչեսի ճակատագրով առաջինը հետաքրքրվել է Չիկագոյի բնակիչ Ջոել Սերվանտես Մասիասը: Նա Facebook-ի իր էջում պատմել է այդ տարիքում հարկադրված աշխատող Սանչեսի մասին, ինչպես նաեւ կարիքավոր թոշակառուի համար դրամահավաք կազմակերպել:
Պարզվել է, որ ծերունին ստիպված է աշխատել, քանի որ կորցրել է միակ դստերը, եւ թոռներին մեծացնելու հոգսը ծանրացել է նրա եւ կնոջ ուսերին:
Դրամահավաք սկսելով՝ Ջոել Սերվանտեսը հույս ուներ գոնե 3 հազար դոլար հավաքել ընտանիքին օգնելու համար: Սակայն ծերունու պատմությունը գրավել է BuzzFeed-ի թղթակիցների ուշադրությունը եւ արագորեն տարածվել համացանցում: Արդյունքում դրամահավաքին շուրջ 15 հազար մարդ է արձագանքել: Համատեղ ուժերով հաջողվել է ավելի քան 326 հազար դոլար հավաքել:
Իր հանդեպ նման հոգատարությունից զգացված ծերունին արդեն հայտնել է, որ գումարի մի մասը կծախսի թոռների համար, իսկ մյուս մասը կբաժանի իր նման կարիքավորների միջեւ:





























