Ինդոնեզիայում կվերսկսեն «Ծովային մեծ պատի» կառուցումը, որը պետք է կանխի Ճավայի ծովի ափին փռված մայրաքաղաք Ջակարտայի հեղեղումը: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով The South China Morning Post-ը:
Մասնավորապես, ծրագրվում է 17 արհեստական կղզի ստեղծել քաղաքի հյուսիսային ափերին, իսկ դրանց վրա առեւտրի կենտրոններ բացել: Արհեստական ցամաքի ընդհանուր երկարությունը 24 կմ է կազմելու:
Ջակարտան գտնվում է ճահճային հարթավայրի վրա: Ինդոնեզիայի մայրաքաղաքը մեծ արագությամբ իջնում է ծովի մակարդակից:
«Ծովային մեծ պատի» նախագծի շուրջ աշխատանքը դադարեցվել էր այս տարվա ապրիլին, կառավարության եւ Ջակարտայի նահանգապետի միջեւ տարաձայնությունների պատճառով: Կողմերը չէին կարողանում համաձայնեցնել, թե ով է ավելի մեծ իրավասություն ունենալու շինարարության ժամանակ որոշումներ կայացնելու հարցում:





























