Մարդկությունը կարող է վերանալ արդեն մի քանի հարյուր տարի անց. հավանականությունը, որ դա տեղի կունենա 2290 թվականին, 50 տոկոս է, իսկ 2710 թվականի համար այդ կանխատեսման իրականացման հավանականությունը 95 տոկոս է։ Այս մասին ասված է BCA Research հետազոտական ընկերության զեկույցում, փոխանցում է ՌԲԿ–ն։
Զեկույցի հեղինակների կարծիքով քաղաքակրթությունը մոտեցել է շրջադարձային կետին, որը հաղթահարելով՝ մարդկությունը կարող է գենետիկ տեխնոլոգիաների շնորհիվ բարձրացնել IQ–ի մակարդակը։ Սակայն աճող հնարավորությունների հետ մեկտեղ մեծանում է աշխարհի վերջի ռիսկը, պնդում են տնտեսագետները՝ վկայակոչելով աշխարհի վերջի մասին թեորեմը։
Իրենց վերլուծության մեջ տնտեսագետներն առաջնորդվում են այն փաստով, որ աշխարհում ծնելիության գումարային գործակիցը կկայունանա 3.0–ի մակարդակում։ Դրանից ելնելով՝ նրանք եկել են այն եզրակացության, որ 50-95 տոկոս հավանականությամբ մարդկության վերջը վրա կհասնի մինչեւ 3000 թվականը։
Եթե մարդկությունը կարողանա բնակեցնել մյուս մոլորակները կամ հսկայական տիեզերանավեր ստեղծի, ապա որեւէ բնական աղետից Երկիր մոլորակի վրա մարդկության բնաջնջման հավանականությունը կտրուկ կպակասի։





























